Նորություններ

Մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման նպատակով ստեղծված ազգային մեխանիզմի թվային գործիքի պաշտոնական մեկնարկ
Նորություններ
դեկտեմբերի 02, 2025
Մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման նպատակով ստեղծված ազգային մեխանիզմի թվային գործիքի պաշտոնական մեկնարկ
Դեկտեմբերի 2-ին՝ մարդու իրավունքների միջազգային օրվանն ընդառաջ, տեղի է ունեցել Հայաստանի՝ մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման ազգային մեխանիզմի թվային գործիքի (AI-NEMRA/Armenia’s Institutional Network for Monitoring and Reporting) շնորհանդեսը: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, տարբեր նախարարությունների և գերատեսչությունների բարձրասիտճան ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը՝ նշելով, որ մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի մոնիտորինգային թվային հարթակի գործարկումը կարևոր քայլ է դեպի մշտադիտարկման ավելի ժամանակակից, արդյունավետ և մասնակցային համակարգ, ինչը լիովին համահունչ է Հայաստանի թվայնացման ռազմավարությամբ սահմանված առաջնահերթություններին, ինչպես նաև պետական կառավարման ոլորտն ավելի բաց, թափանցիկ և հանրության համար ընկալելի դարձնելու տեսլականին: Ընդգծվել է «AI-NEMRA» հարթակի կարևորությունը՝ որպես մարդու իրավունքների, նորարարական տեխնոլագիաների և դիվանագիտության սիներգիայի արտացոլում:  Բացման հատվածում ելույթներով հանդես են եկել նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն և «Տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրեն Ներսես Երիցյանը։ ՀՀ ԱԳՆ մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանը ներկայացրել է ԱԳ նախարարության համակարգմամբ գործող մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման ազգային մեխանիզմի կառուցվածքն ու գործառույթները` անդրադառնալով մեխանիզմի աշխատանքային ծրագրերին և դրա թվային բաղադրիչի՝ «AI-NEMRA» հարթակի հիմնարար հնարավորություններին ու գործառույթներին։ Միջոցառման ընթացքում կայացել է «Կառավարության համապարփակ մոտեցում՝ հանուն մարդու իրավունքների պաշտպանության. միավորելով մոնիտորինգի և հաշվետվողականության՝ միջազգային, տարածաշրջանային և ազգային մեխանիզմները» թեմայով պանելային քննարկումը, որի ընթացքում բանախոսություններով հանդես են եկել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Վիճակագրական կոմիտեի անդամ Վարդան Արևշատյանը` անդրադառնալով ոլորտային բարեփոխումներին և մարդու իրավունքների ոլորտում ՀՀ հաշվետվողականության ամրապնդմանն ուղղված քայլերին։ Տեսաուղերձներով հանդես են եկել ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի Մարդու իրավունքների խորհրդի և պայմանագրային մեխանիզմների բաժնի տնօրեն Մահաման Սիսե-Գուրոն և Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի միջազգային համագործակցության հարցերով տնօրեն Մետե Թյուգեսենը՝ բարձր գնահատելով մարդու իրավունքների  ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունն ու վերջինիս կողմից միջազգային հաշվետվողականության ամրապնդման ուղղությամբ իրականացվող հետևողական քայլերը, այդ թվում՝ ազգային մեխանիզմի ձևավորումը և դրա թվային գործիքի՝ «AI-NEMRA» հարթակի գործարկումը։ Ընդգծվել է, որ թվային գործիքի ստեղծումը նոր խթան է հանդիսանում միջազգային կազմակերպությունների, մասնավորապես մոնիտորինգային մարմինների շրջանակներում ՀՀ ներգրավվածությունը կատարելագործելու համար՝ նպաստելով Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության ամրապնդմանը։ Միջոցառման եզրափակիչ հատվածում տեղի է ունեցել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի մոնիտորինգային ցանցի՝ «AI-NEMRA» հարթակի շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվել են հարթակի հիմնական գործառույթներն ու աշխատանքային տրամաբանությունը:
Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի զեկույցի քննարկումը
Նորություններ
մայիսի 01, 2025
Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի զեկույցի քննարկումը
Մայիսի 1-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանի շրջանակներում, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված 4-րդ շրջանի ազգային զեկույցի քննարկումը:  Զեկույցն անդրադառնում է վերջին 4.5 տարիների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքերին առնչվող զարգացումներին, խնդիրներին և հեռանկարներին: Զեկույցի նախապատրաստման աշխատանքներն իրականացվել են ՀՀ ԱԳ նախարարության համակարգմամբ՝ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ներգրավմամբ, տեղի են ունեցել զեկույցի հանրային քննարկումներ: ՀՊԴ 49-րդ նստաշրջանին ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը: Պատվիրակության կազմում էին նաև Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ԱԳՆ և ՆԳՆ ներկայացուցիչներ: ՀՊԴ  նստաշրջանի ընթացքում ՀՀ պատվիրակությունը ներկայացրել է մանրամասն հաշվետվություն նախորդ շրջանի դիտարկման ընթացքում Հայաստանին տրված հանձնարարականների իրականացման վերաբերյալ: ՀՀ պատվիրակության ղեկավար Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր բացման խոսքում ներկայացրել է վերջին տարիների ընթացքում տնտեսական, սոցիալական, մշակութային, քաղաքական և քաղաքացիական իրավունքների իրականացման վերաբերյալ Հայաստանում գրանցված առաջընթացը: ԱԳ նախարարի տեղակալը ներկաների ուշադրությունն է հրավիրել հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից 115.000 բռնի տեղահանվածների խնդիրներին, Ադրբեջանում ապօրինաբար պահվող  հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց  ազատ արձակման, անհետ կորածների և բռնի անհետացածների ճակատագրերի պարզման խնդիրներին: Հայաստանի Հանրապետության 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը մեծ հետաքրքրության է արժանացել միջազգային հանրության կողմից: Ելույթներով հանդես են եկել շուրջ 100 անդամ-պետությունների ներկայացուցիչներ՝ հիմնականում ընդգծելով վերջին տարիների ընթացքում մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի կողմից արձանագրված առաջընթացը, այդ թվում՝ իրականացված օրենսդրական և համակարգային բնույթի բարեփոխումները:  ՀՀ պատվիրակությունը հավաստիացրել է, որ Կառավարությունը վճռական է շարունակել բարեփոխումների գործընթացը՝ առաջնորդվելով թափանցիկության, հաշվետվողականության, մասնակցության, ներառականության ապահովման սկզբունքներով:
Տեղի է ունեցել ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի շնորհանդեսը
Նորություններ
ապրիլի 18, 2025
Տեղի է ունեցել ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի շնորհանդեսը
Ապրիլի 18-ին՝ Հայաստանի Հանրապետության Համըդնհանուր պարբերական դիտարկման ընթացակարգին ընդառաջ, տեղի է ունեցել 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ,  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Հանդիպման առաջին հատվածում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցը՝ հանգամանորեն անդրադառնալով Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդմանն ուղղված քայլերին: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում իրականացված իրավական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին՝ կարևորելով, ի թիվս այլոց՝ խոցելի խմբերի պաշտպանությունը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների ապահովումը, կառուպցիայի դեմ պայքարը, խտրականության բացառումը: Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկաների ուշադրությանն է ներկայացրել նաև այն մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանն իր միջազգային պարտավորություններն իրականացնելիս: Հանդիպման երկրորդ հատվածում ՀՀ ԱԳ նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանը ներկայացրել է Հայաստանի նոր նախաձեռնությունը՝ Մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման ազգային մեխանիզմը: Անդրադառնալով մեխանիզմի առավելություններին՝ ընդգծվել է, որ այն ուղղված է ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացման, սահմանված ժամկետներում մոնիթորինգային մարմիններին ներկայացվող զեկույցների նախապատրաստման ու պետությանը տրված հանձնարարականների հետագա ընթացքի ապահովման արդյունավետության բարձրացմանը: Շեշտվել է, որ այս Մեխանիզմի արդյունավետ կիրառման պարագայում, այն կարող է դառնալ մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգի բաղկացուցիչ մաս՝ փոխկապակցելով մարդու իրավունքների միջազգային և տարածաշրջանային նորմերն ազգային առաջնահերթությունների հետ:
ՀՀ ԱԳ նախարարությունում տեղի է ունեցել Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի և Եվրոպայի Խորհրդի Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA) հանդիպումը
Նորություններ
ապրիլի 14, 2025
ՀՀ ԱԳ նախարարությունում տեղի է ունեցել Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի և Եվրոպայի Խորհրդի Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA) հանդիպումը
Ապրիլի 14-ին ՀՀ ԱԳ նախարարությունում տեղի է ունեցել Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի հանդիպումը Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA) պատվիրակության անդամների հետ: Մոնիտորինգային այցով Հայաստանում գտնվող պատվիրակության կազմում են Մոլդովայի ներկայացուցիչ Տատյանա Կատանան, Պորտուգալիայի ներկայացուցիչ Ռիտա Պենեդան և ԵԽ GRETA քարտուղարության ներկայացուցիչ Փարվին Ղադամին: Հադիպմանը բացման խոսքով հանդես է եկել ԱԳ նախարարության Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչություն պետ Կարինե Սուջայանը: ԵԽ փորձագետների հետ համատեղ քննարկվել են մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում ՀՀ ընթացիկ քաղաքականությունն ու առաջնահերթությունները, մտքեր են փոխանակվել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ հարցերով Խորհրդի  աշխատանքների և ՀՀ 2023-2025թթ Ազգային գործողություննեի ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ:   ԵԽ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով խմբի պատվիրակության այցի շրջանակներում նախատեսվում են փորձագետների հանդիպումները ՀՀ համապատասխան գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ: 
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի միջև համագործակցության հաստատում
Նորություններ
փետրվարի 17, 2025
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի միջև համագործակցության հաստատում
Փետրվարի 17-ից 20-ը Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի հրավերով ՀՀ ԱԳ նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանը աշխատանքային այցով գտնվել է Կոպենհագենում:  Այցի նպատակն էր համագործակցություն հաստատել Հայաստանի կողմից վերջերս հիմնված Մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման և դրանից բխող հետագա քայլերի ապահովման Ազգային մեխանիզմի շրջանակներում: Նման Ազգային մեխանիզմի հիմնումը թույլ կտա Հայաստանին հնարավորինս  համակարգված կերպով ապահովել աշխատանքները միջազգային մոնիթորինգային մարմինների հետ, մասնավորապես, վավերացված փաստաթղթերի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման, ստացված հանձնարարականների իրականացման և դրանից բխող հետագա քայլերի ապահովման ուղղությամբ: Այցի ընթացքում հայկական կողմը հանդիպում է ունեցել նաև  Դանիայի ԱԳՆ Մարդու իրավունքների և միջազգային իրավունքի վարչության ներկայացուցիչների հետ, որի շրջանակներում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում Հայաստանի և Դանիայի փորձերը: Ներկայացվել են նաև մարդու իրավունքների ոլորտում ՀՀ միջազգային առաջնահերթությունները, մարդու իրավունքների ամրապնդման նպատակով երկրում իրականացվող բարեփոխումները: Մտքեր են փոխանակվել հայ-դանիական երկկողմ հարաբերություններին վերաբերող լայն շրջանակի շուրջ: Այցի արդյունքներով ՀՀ ԱԳՆ և Մարդու իրավունքների դանիական ինստիտուտի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում է շարունակել համագործակցությունը Ազգային մեխանիզմի ամրապնդման և մարդու իրավունքների ոլորտում լավագույն փորձի փոխանակման շուրջ:
Հայաստանի Հանրապետության զեկույցի դիտարկումը ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի 114-րդ նստաշրջանի ընթացքում
Նորություններ
դեկտեմբերի 04, 2024
Հայաստանի Հանրապետության զեկույցի դիտարկումը ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի 114-րդ նստաշրջանի ընթացքում
Դեկտեմբերի 2-ից 3-ը Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի գլխավորությամբ, մասնակցել է ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի 114-րդ նստաշրջանի ընթացքում տեղի ունեցած Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի դրույթների իրականացման վերաբերյալ ՀՀ 12-14-րդ համատեղ պարբերական զեկույցների քննարկմանը: Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը պատասխանել է Կոմիտեի անդամների կողմից բարձրացված բազմաթիվ հարցերի, ներկայացրել է իրավահավասարության և խտրականության բացառման ուղղությամբ օրենսդրական բարեփոխումների իրականացման ընթացքը, ազգային փոքրամասնությունների կրթական և մշակութային իրավունքների ապահովմանն ուղղված քայլերը, երկրի քաղաքականությունը օտարերկրացիների, միգրանտների, ապաստան հայցողների և տարբեր խոցելի խմբերի նկատմամբ: Կոմիտեի անդամները տեղեկացվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության կարիքների, մասնավորապես, կայուն կենսապայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերի վերաբերյալ: Հայկական պատվիրակությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնառությունը շարունակել երկրում ժողովրդավարական բարեփոխումները՝ ապահովելով տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների իրականացումը հասարակության բոլոր շերտերի համար: